Հարավային Կովկասում երկու միտում է բախվել՝ մայիսի 21-ին Երևանում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մի միտումը տարածաշրջանի երկրների ընտրությունն է, ինչպես նաև նրանց հարևանների շահերը հարգելը։ Մյուս միտումն այն է, որ Արևմուտքը փորձում է տարածաշրջանում տարածել իր ազդեցությունը և թույլ չտալ տարածաշրջանի երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համախմբումը իրենց խոշոր հարևանների՝ ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի հետ։ Արևմուտքն առաջ է քաշում «Կա՛մ մեզ հետ, կա՛մ մեր դեմ» սկզբունքը»,- նշել է նա               
 

Մի գեղեցիկ օր ՆԱՏՕ-ի անդամ ենք դառնալու

Մի գեղեցիկ օր ՆԱՏՕ-ի անդամ ենք դառնալու
13.09.2016 | 10:02

«Առաջիկա մարտահրավերները. ՆԱՏՕ-ն Ուելսից մինչև Վարշավա և անդին» կոնֆերանսին մասնակցելու նպատակով Երևանում էր Վրաստանի ԱԳ նախկին նախարար, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Մայա Փանջիկիձեն: Հնարավորություն ունենալով նրա հետ բացառիկ հարցազրույցի՝ ի թիվս այլ թեմաների՝ համատեղ հիշեցինք դարասկիզբը: Նա ասաց, որ 25 տարի Վրաստանը անկախ պետություն է, և բոլոր կառավարությունները կողմնորոշված են եղել ու ապագայում էլ լինելու են դեպի Եվրոպա ու Եվրաատլանտյան դաշինք: Չկարողացա չհարցնել.


-Նաև Շևարդնաձեի՞ օրոք:
-Առաջին հերթին: Էդուարդ Շևարդնաձեն էր Վրաստանի նախագահը, երբ մենք հայտարարեցինք մի գեղեցիկ օր ՆԱՏՕ-ի անդամ դառնալու մեր ծրագրի մասին: Դա 2002-ին, Պրահայում էր՝ ՆԱՏՕ-ի գագաթաժողովում: Այն ժամանակ շատերը, որ այդ երազանքն ունեին Վրաստանում, շոկի մեջ էին, որ Շևարդնաձեն, երբ երկիրը շատ վատ վիճակում էր, Պրահայում դա հայտարարեց: Այն ժամանակ ռեալ չէր թվում, որ Վրաստանը կկարողանա բավարարել ՆԱՏՕ-ի անդամության բոլոր չափանիշները, բայց երկրի առաջ հեռանկար ու նպատակ դրվեց: Շևարդնաձեն շատ արևմտամետ նախագահ էր: Մենք այլ ուղղվածություն ունեցող ոչ մի կառավարություն չենք ունեցել: Վրաստանի կառավարությունները իրենց պարտքն են համարում այդ ճանապարհով գնալը՝ երկիրը ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ դարձնելը:
-Եթե վերադարձանք դարասկիզբ ու Շևարդնաձեի ժամանակները, այդ տարիներին գործում էր Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի և Ֆրանսիայի խորհրդարանների նախագահների քառյակի ձևաչափը, որի շրջանակներում պարբերաբար հանդիպումներ էին կազմակերպվում՝ ամենատարբեր հարցեր քննարկելով: Հնարավոր համարու՞մ եք համագործակցության այդ ձևաչափի վերականգնումը, թե՞ նոր ժամանակներում հին ձևաչափերն արդեն սպառել են իրենց:
-Ինչ-որ ձևաչափեր եղել են, որ հիմա այլևս չկան, բայց կարելի է վերականգնել: Ես միշտ կողմ եմ երկխոսության և համոզված եմ, որ երկխոսությունով կարելի է ավելիին հասնել, քան՝ զենքով: Վրաստանը չեզոք երկիր է Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտում և միշտ հնարավորություն է տալիս և Հայաստանին, և Ադրբեջանին հանդիպել ու տարբեր թեմաներով քննարկումներ անել, պատրաստ է այդ դերը տարածաշրջանում միշտ կատարել: Եթե այդ ձևաչափում ընդգրկվեն և այլ երկրներ, մենք միայն կողջունենք: Կոնֆլիկտները հնարավոր է հաղթահարել միայն քաղաքական երկխոսությամբ: Ես բազմաթիվ հանդիպումների եմ մասնակցել, որտեղ պարտադիր չէ խոսել միայն քաղաքականությունից, կան բազում չեզոք թեմաներ՝ բնապահպանություն, հումանիտար ոլորտ, մշակույթ: Կարծում եմ՝ Վրաստանը միշտ շահագգռված կլինի, որ նման ձևաչափերը լինեն ու ակտիվ գործեն:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Երկու անգամ՝ Թբիլիսիում ու Վերսալում պատիվ եմ ունեցել ներկա լինել քառյակի հանդիպումներին, վերջին անգամ Ադրբեջանի Միլի մեջլիսի այն ժամանակվա նախագահ Մուրթուզ Ալեսքերովը նույնիսկ պատրաստ էր Երևան գալ՝ Ֆրանսիայի խորհրդարանի նախագահ Քրիստիան Պոնսլեին՝ նամակով տալով իր համաձայնությունը և առաջարկելով հանդիպման օրակարգը: Բայց քառյակն այդպես էլ չհավաքվեց: Վրաստանի խորհրդարանի նախագահը Զուրաբ Ժվանիայից հետո Նինո Բուրջանաձեն էր, Հարավկովկասյան քաղաքական օրակարգում մոդայիկ էին դարձել երկկողմ կապերը:

Դիտվել է՝ 2030

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ